Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովում
30.06.2015 | 15:47

Հարգելի գործընկերներ, պատվարժան հյուրեր և համաժողովի մասնակիցներ,


թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում և հայտնել անկեղծ գոհունակությունս` երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական և քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար: Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում թե՜ մասնակիցների շրջանակով, թե՜ քննարկվելիք հարցերի ընդգրկումով, և որ առանձնահատուկ կարևորում եմ, անշահախնդիր մասնակցության և կառուցողական երկխոսության պատրաստակամության տեսանկյունից:
Վերջին շրջանում կառավարության գործունեության և, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝
Առաջին. Հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում և տարածում:
Երկրորդ. Բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյունկտուրայի, նավթի գների և այլն, մեզնից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը:
Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են:
Անդադար նվնվոցով և հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում և սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես և կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել և չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ:
Մյուս կողմից, ինձ համար անընդունելի է նաև բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը: Տարածաշրջանային զարգացումները, նավթի և հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը և բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ:
Ես ուզում եմ բոլոր շահագրգիռ ու մտահոգ անձանց, ուժերին, մասնագիտական խմբերին հղել իմ ուղերձը՝ իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի:
Ես ամենայն լրջությամբ և հարգանքով եմ վերաբերվում ցանկացած, անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված: Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նման քննադատության հեղինակների հետ, միասին կետ առ կետ քննարկելու ասվածը, և ինչու չէ՝ դրանց հիման վրա մեր ծրագրերում ուղղումներ և շտկումներ մտցնել:
Ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարևոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով և առավելագույն պահանջներով, որքան էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի: Այստեղ հավաքված են մասնագետներ, որոնք քաջատեղյակ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, համապատասխան ոլորտներում կայացած են իրենց փորձառությամբ և գիտելիքների պաշարով, գիտական և հասարակական հանրության շրջանում տիրապետում են վստահության լուրջ պաշարի:
Ես կողմնակից եմ մտածված ու հետևողական աշխատանքի: Իրավիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, առաջ գնալու ուրիշ ելք ուղղակի չեմ պատկերացնում: Նրանց, ովքեր կիսում են այս մոտեցումը և ունեն թեկուզ մեկ նախագծի վրա, մեկ ծրագրի սահմաններում, աշխատելու ցանկություն, անկախ քաղաքական հայացքներից, ես համարում եմ իմ համախոհները:
Համաժողովի օրակարգը բավական հագեցած է և համապարփակ: Այսօր մենք մտքերի ակտիվ փոխանակության հնարավորություն կունենանք տնտեսության հիմնական ոլորտների և ճյուղերի, տնտեսական աճի հիմնական շարժիչների մասով:
Հաճախ տնտեսական աճի ապահովման խնդրի լուծումը դուրս է գալիս ներքին կարողությունների տիրույթից կամ դրա տեմպերը չեն բավարարում զարգացման հավակնությունները լիարժեք իրացնելու համար, ինչը պարտադիր է դարձնում խնդրին նայել մի քանի տեսանկյուններից:
Այս նպատակով էլ մակրոտնտեսական տեսակետի հետ մեկտեղ այսօրվա համաժողովի օրակարգային թեմաներից է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին փաստաթղթի նախագծի ներկայացումը: Համոզված եմ՝ տնտեսության արդիականացման հրամայականն ունի ժողովրդի բոլոր կարող ուժերին իր շուրջը միավորելու ներուժ: Մեր խնդիրն է փոխադարձ վստահության ձևավորման ճանապարհով այդ ներուժը դարձնել անպարտելի ուժ` բարեկեցիկ և կայուն զարգացող երկիր կառուցելու անխախտ պատրաստակամությամբ:
Այժմ մենք հենց այդ ուղին ենք բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում: Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների:
Կարծում եմ՝ գիտեք արդեն, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015 թ. օգոստոսի 1-ից սահմանվել են սպառողների վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որը, բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ:
Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել:
Մենք մեր գործընկերների՝ Համաշխարհային բանկի և ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել ենք 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդնենք լայն մասնագիտական և հանրային քննարկման: Վստահ եմ, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն և վստահելի էներգետիկ համակարգ ունենալուն մեր քաղաքականությանը:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համաժողովին ձեր մասնակցության համար և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ